Skip to main content

Վերջապես կայացավ «Ինձ Նման Մարդիկ» գրքի շնորհանդեսը

Այսօր՝ ապրիլի 25-ին, Քանաքեռ-Զեյթունի Կենտրոնացված գրադարանային համալիրում տեղի ունեցավ «Ինձ Նման Մարդիկ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։



Գրքում տեղ գտած ստեղծագործությունները ընտրվել են հատուկ մրցույթի միջոցով, գրական աշխարհի հետ անմիջական մասնակցություն ունեցող ժյուրիների կարծիքների և մեկնաբանությունների հիման վրա: Արդյունքում ստացվել է հատընտիր բանաստեղծությունների ծաղկաքաղ, որը սիրով հանձնում ենք Ձեր դատին:




Երիտասարդ գրողների գրական ակումբի և author.am կայքի համատեղ նախաձեռնությամբ տպագրված՝ «Ինձ Նման Մարդիկ»  ժողովածուն ամփոփում է 44 հեղինակների բանաստեղծությունները, որոնք ներկայացված են թեմատիկ բաժանումով։

«Սիրո որբություն» խորագրով առանձնացված են սիրահար սրտին բնորոշ պատրանքներն ու տագնապները, հուսահատությունն ու հավատը, լալագին տրամադրություններին հաջորդում են նաև լուսավոր, լավատեսական պատկերները:

«Հիշողությունը սառն է ապտակում» բաժնում ներկայացված են քաղցր վերհուշի, դառնաղի կարոտից ծնված սրտմաշուկ ապրումները, սպասման տենչն ու ուժեղ թվալու ձգտումը: Եվ որքան էլ անտանելի են թվում հոգեկան աշխարհի փրփրաշատ ալիքումները՝ դարձյալ մնում են անսասան և սիրո անսահմանության մեջ որոնում սպեղանին: Վերոնշյալ մտքի տրամաբանական շարունակությամբ մեր քնարական հերոսները հեշտ չեն հանձնվում, նրանք պայքարող ու համառ անհատակություններ են և անկոտրում ոգու կրողներ:

«Ես չեմ հանձնվել» վերնագրի ներքո կհանդիպեք նման բովանդակություն և տրամադրություն արթնացնող ստեղծագորությունների։ Եվ որքան մեծ է չհանձնվելու մղումը, այնքան էլ դժվար է ինքնաբուժվելը. յուրաքանչյուր ժպիտի ներսում թաքնված է թույլ ու անպաշտպան էություն, որը կարիք ունի որևէ մեկի ուսը գրկելու, հոգում եղածը թոթափելու և երբեմն անզորությունից ուզում են գոռալ՝ քո գիրկը առ: Բնավ կարևոր չէ այդ գրկողը հայրենի՞քն է, մա՞յրը, սիրելի էա՞կը, թե՞ որևէ մի անանուն, հարազատ չորրորդ:

«Քո գիրկը առ», ահա այսպես է կոչվում մենակությունից հոգնած և հոգու խոնավությունը արևով ներկելու փափագից ծնված ստեղծագործությունների շարքը; Բոլոր հոգեկան դեգերումների վերջնակետն ու նպատակը անգտնել ուղու բացահայտումն է, որը թեև չի երևում, բայց կա, կա յուրաքանչյուրի հոգուց ծնված պատառիկում:

«Անգտնել ուղի» այսպես է կոչվում ժողովածուն եզրափակող խորագիրը և բովանդակում է խոհափիլիսոփայական երգերի փունջ:


Գրքում ընդգրկված ստեղծաործությունների հեղինակներին տրամադրվեց շնորհակալագրեր և գրքի օրինակներ։




Երիտասարդ հեղինակներից Էլիզա Մխիթարյանը իր շնորհակալությունը հայտնեց յուրօրինակ կերպով, որը ներկայացված է տեսանյութում։